Ֆրանսիական գիտնականները որոշել են  ստեղծել կոշտ սկավառակ, որը կծառայի միլիոն տարի, հայտնում է 4PDA.ru-ն ` հղում անելով  ScienceMag-ին: Նման սկավառակները պետք է սերունդներին զգուշացնեն վտանգավոր վայրերում պեղումների մասին, օրինակ` միջուկային գերեզմանոցներում, իսկ ներկայիս սկավառակները նման խնդրի համար չեն, քանի որ փտում են մի քանի տասնամյակ անց: 

2010 թվականից աշխատանքները տարվում են  ANDRA-ում` ռադիոակտիվ մնացորդների թաղման ֆրանսիական գործակալությունում:

Արդյունքներից մեկն է  «համարյա հավերժ» տեղեկության կրիչը, որը շափյուղայից սկավառակ է: Շափյուղա քարն ընտրվել է  կարծրության շնորհիվ: Առաջին սկավառակի գինը 25 հազար եվրո է:

Ստեղծողները պնդում են, որ նման սկավառակի վրա կարելի է պահել մինչեւ 40 հազար էջ, սակայն դրանք կարդալու համար մանրադիտակ է հարկավոր:  Արդեն թեստեր անցկացվել են, սկավառակը դրել են թթվի մեջ` հնության էֆեկտ ստանալու համար:

Հետազոտողները հուսով են, որ նման սկավառակը կապրի մինչեւ 10 միլիոն տարի: