Ամռան սկզբին Մոսկվայում «Դեդ Հասանի» կլանի գողերի կողմից թագադրվել է Լիպեցկի 33-ամյա բնակիչ Արտյոմ Առաքելյանը: «Փրայմ Քրայմ»-ի փոխանցմամբ, ի հեճուկս թագադրման մասին անմիջապես հայտարարելու ավանդույթի, Արտյոմ Լիպեցկիի թագադրումը ոչ միայն չի հրապարակայնացվել, այլեւ առ այսօր գաղտնի է պահվել:
Պարբերականի տվյալներով, Առաքելյանն այժմ գտնվում է Հայաստանում եւ իր համար նոր կարգավիճակում ծանոթանում քրեական աշխարհի հետ: Արտյոմին ներկայացնելու համար Հուլիսի սկզբին Երեւան է ժամանել «Դեդ Հասանի» զարմիկը` «Թիմուր Սվերդլովսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Թեմուրի Միրզոեւը:
Հայտնի է, որ Առաքելյանի կարիերային նպաստել է կլանի անդամ, ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովը, ով վերջին երկու ժամկետը նստել է Լիպեցկի մարզում, որտեղ վաղուց սեփական գող չկար: Իրավապահների կողմից տեղացի Բուբուի վարկաբեկումից հետո տարածաշրջանն իրենցով էին արել վրացի Կախան եւ Բոնչան: Դատելով նրանից, որ Արտյոմին վերջին շրջանում հաճախ են տեսել «Դեդ Հասանի» կողքին, Լիպեցկի նվաճումը կարեւոր գերակայություն է դարձել նրա համար:
Բացի այդ, հունվարին հայտնի էր դարձել Հայաստանում Արտյոմ Ղազարյանի թագադրման մասին: Նա գյումրեցի, «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի զարմիկն է: Նրա թագադրմանը հավանություն են տվել Հայաստանում գտնվող բոլոր «օրենքով գողերը»:
Նաեւ «օրենքով գող» դառնալու հավակնությունների մասին հայտարարել է Սարատովի բնակիչ Արտյոմը: Սակայն նրա ճանապարհի կանգնած է Սարատովի երկու գողերից մեկւ` «Դաթո Կուվալդա» մականունով Թենգիզ Օզմանովը: Արտյոմը գումար է պարտք Թենգիզին:
Պարբերականը նշում է, որ «օրենքով գողերի» շարքում է մեկ այլ հայ` Ժիրո Երեւանցի մականունով Ժիրայր Բրուտյանը, ով Սումբատ Աբասովի որոշմամբ դարձել է Մոսկվայի թիվ 4 մեկուսարանի «նայողը»: Բրուտյանին թագադրել են հայ գողեր Աֆուլիկ եւ Ռաֆիկ Խոյեցյանների, Զապի, Ալոյի, Սուրիկի եւ Սամոյի ներկայությամբ: Ավելի ուշ նրա կարգավիճակը հաստատել է նաեւ «Դեդ Հասանը»:


























