«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412 դրամ: Նախորդ` հուլիսի 14-ի բորսայական նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.1 կետով: Բորսայական բոլոր գործարքներն այսօր կատարվել են միեւնույն փոխարժեքով, սակայն նստաշրջանի վերջում առաջարկի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 412.75 դրամ, իսկ պահանջարկինն իջել մինչեւ 411 դրամ:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 4.6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 411 դրամ, իսկ դոլար կարելի է ձեռք բերել 413 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարը սկսել է էժանանալ եվրոյի նկատմամբ` սպասվում է, որ ԱՄՆ սենատում Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն կխոսի ամերիկյան տնտեսության խթանման մասին: Եվրոյի փոխարժեքը ընդհանուր առմամբ տատանվում է 1.23 դոլարի շուրջ:
Ռուսաստանյան միջբանկային շուկայում դոլարը եւս էժանացել է` 1 դոլարը գնահատվում է 32.4955 ռուբլի:



























