«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս թիմը ինտելեկտուալ մեծ ռեսուրս ունի, ինչը թույլ է տալիս բացարձակապես ինքնուրույն կերպով որոշումներ կայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանի այն հայտարարությունը, թե կուսակցության որոշ անդամների մոտ այնպիսի ռեսուրս է կուտակել, որ «թույլ չի տա իշխանություններին դեմ գնալ»:

«Բարգավաճ Հայաստանի» գործողություններն ինքնուրույն են եւ ուղղված երկրի զարգացմանը, բարգավաճմանն ու բարեկեցության ձեռքբերմանը»,- հայտարարեց Ուրիխանյանը:

Նշենք, որ Վարդան Բոստանջյանը մամուլի ասուլիսում նշել էր, թե «այն կապիտալը, որ կուտակվել է «Բարգավաճ Հայաստանի»  որոշ անդամների մոտ, թույլ չի տա նրանց իշխանության դեմ գնալ»: Նա նաեւ տարակուսանք էր հայտնել «այլընտրանք իշխանությանը» կարգավիճակի առնչությամբ, որն իրեն շնորհել է ԲՀԿ-ն: