Չարենցավանի «Ասկե Գրուփ» ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր` սեւ մետաղների ձուլման եւ շինարարական ամրանների արտադրության նպատակով: Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց գործարան` լրագրողների խմբի հետ: Նշենք, որ ներդրումային ծրագիրն իրականացվում է նախկին «ԱրմԱվտո» գործարանի տարածքում:
Այս ներդրումային ծրագիրն ունի 2 առանձնահատկություն: Նախ` նոր գործարանն ամբողջապես սպառելու է հանրապետությունում առկա ողջ մետաղի ջարդոնը, ինչը մինչ այսօր արտահանվում էր հարեւան Իրան: Գործարանի պատասխանատուներն ասում են, որ հանրապետությունում դեռ մի քանի տարվա մետաղի ջարդոն կա, բացի այդ` տեխնոլոգիան հնարավորություն է տալու օգտագործել հանրապետությունում արտադրվող երկաթի հանքաքարը:
Երկրորդ` գործարանն ի վիճակի է բավարարել հանրապետությունում ամրանների ողջ պահանջարկը` մոտ 50 հազ. տոննա տարեկան: Ընդ որում` հայկական ամրանները որակապես չեն զիջելու ներկայում հայկական շուկայում իրացվող ուկրաինական ու չինական ամրաններին, սակայն գնային առումով ավելի նախընտրելի կլինեն (ըստ նախնական գնահատման` տոննան 800 դոլարի սահմաններում, այնինչ ոկրաինական ամրաններն արժեն տոննան 1000 դոլար); Հնարավոր է` Հայաստանն ամրաններ արտահանի այլ երկրներ, քանի որ արտադրական հզորությունը տարեկան 120 հազ. տոննա է:
Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 8 մլրդ դրամ է, օգտագործվում են Siemens VAL ընկերության սարքավորումներ:



























