Եվրախորհրդարանի 6 պատգամավորներ ԵՄ-ի Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին նամակ են ուղարկել: 

Պատգամավորները ողջունել են հունիսի 26-ին արված  Էշթոնի հայտարարությունը, որտեղ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել դադարեցնել քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները: Պատգամավորները նշել են, որ «Եվրատեսիլից» հետո Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել էին ճնշումները քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ շարունակում են բանտարկությունները:  Որպես օրինակ է նշվում լուսանկարիչ լրագրող Մեհման Հուսեյնովի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ  «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի ձերբակալությունը: 

Դիմումում հիշեցվում է, որ հունիսի 26-ին ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին լուծել շուրջ 80 քաղբանտարկյալների խնդիրները եւ դադարեցնել նման բանտարկություններն ապագայում: «Մենք խնդրում ենք ձեզ Ադրբեջանի իշխանություններից պահանջել դադարեցնել մարդկանց քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները եւ ապահովել այդ երկրի խոստումների կատարումը` որպես ԵԽ-ի անդամ», - ասվում է դիմումի մեջ, գրում է ադրբեջանական contact.az-ը: