Որդու մահվան տխուր լուրերից հետո Սիլվեստր Ստալոնեն դիմել է հանրությանը` խնդրելով շահարկումներ չանել իր ավագ որդու մահվան կապակցությամբ, հաղորդում է Le Huffington post-ը:
«Չկա ավելի մեծ ցավ, քան երեխայի կորուստը»,- ասել է Ստալոնեն` կոչ անելով լրատվամիջոցներին դադարեցնել շահարկումներն ու կասկածելի ռեպորտաժներն իր 36-ամյա որդու մասին: Սեյջ Ստալոնեն պատրաստվում էր առաջիկայում հարսանիք անել Լաս-Վեգասում:
«Ես աղաչում եմ ոտատակ չտալ իմ տաղանդավոր որդու հիշատակը` թեկուզ նրա մոր` Սաշայի նկատմամբ ունեցած խղճահարությունից»,- ասել է նա TMZ-ին տված հարցազրույցում եւ հավելել. «Այդ սարսափելի ողբերգությունը մեզ հետ կլինի մինչեւ մեր օրերի վերջը: Սեյջը մեր առաջնեկն ու մեր տիեզերքի կենտրոնն էր»:
Մահվան պահին Ստալոնեն գտնվել է Սան-Դիեգոյում Առնոլդ Շվարցենեգերի հետ, նոր ֆիլմի պրեմիերայում:
Սեյջ Ստալոնեն խաղացել էր Ռոկկի Բալբոա-կրտսերի դերը 1990թ. «Ռոկկի 5» ֆիլմում:
Նրա դին գտել էին Լոս Անջելեսի իր տանը:




























