Հայտնի հոլիվուդյան դերասան Սիլվեսթր Սթալոնեի ավագ որդին` Սեյջը, մահից որոշ ժամանակ առաջ ստոմատոլոգիական վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ հեռացրել էին նրա 5 ատամները, որից հետո ուժեղ ցավազրկողներ էր ընդունում: Այս մասին հաղորդում է New York Post-ը` վկայակոչելով Սեյջի մորը:

«Ես նրան ասում էի, որ այդպես չանի, ես լսել էի, որ մարդիկ մահանում են բերանի բազմաթիվ վիրահատություններից հետո: Չէր կարելի միանգամից մի քանի ատամ հանել»,-պարբերականին պատմել է մահացածի մայրը` Սաշա Քզաքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին NEWS.am, հուլիսի 14-ին ԱՄՆ-ում մահացած  են գտել ամերիկյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Սիլվեսթր Սթալոնեի որդուն` Սեյջ Սթալոնեին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սեյջին Հոլիվուդի իր տանը հայտնաբերվել է տան սպասուհին: Վախճանված 36-ամյա դերասանի տանը  հարձակման հետքեր չեն եղել: Կրտսեր Սթալոնեի մահվան  ոչ մի մանրամասն դեռեւս հայտնի չէ: Հայտնի դերասանի որդու մոտ չեն եղել դեպրեսիայի կամ ճնշված վիճակի ախտանշաններ:

Սեյջ Սթալոնեն նկարահանվել է 13 կինոնկարներում` առաջին անգամ հանդես գալով «Ռոկի 5» ֆիլմում, 14 տարեկան հասակում: Նա ֆիլմեր է նկարել որպես ռեժիսոր, զբաղվել է նաեւ  պրոդյուսերությամբ:

Սիլվեսթր Սթալոնեն ունի 5 երեխա, Սեյջից բացի նա ունի որդի` Սերջիոն եւ երեք դուստր` Սոֆիան, Սիսթինը եւ Սքարլեթը: