Լոռիի մարզում, հուլիսի 17-ին, վթարի են ենթարկվել «Թեղուտ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16.30-ի սահմաններում Ռոմիկ Բոզինյանը վարելով «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող «Պ-40» մակնիշի տրակտորը, Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում կամրջի վրայով անցնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ ընկել Թեղուտ գետը:
Վթարի հետեւանքով Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա վարորդ Ռոմիկ Բոզինյանը եւ Թեղուտի բնակիչ 25- ամյա ուղեւոր Արտակ Գաբրիելյանը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդիի բժշկական կենտրոն:
Ռոմիկ Բոզինյանը «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում է որպես տրակտորիստ, իսկ Արտակ Գաբրիելյանը՝ զոդող-բանվոր:
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտուն Բալայանի եւ նույն վաշտի երկրորդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի, ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:



























