«Հրապարակը» գրում է, որ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Գյումրիում իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի, որի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, նորից կընտրվեր քաղաքապետ:

Իշխանությունը ցանկանում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը հանձնել իրեն «իշխանությանն այլընտրանք» հռչակած ԲՀԿ ներկայացուցչին՝ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Բալասանյանին: Իհարկե, Վարդան Ղուկասյանը փորձում է համառել, իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարում է, թե ինքը, անկախ կուսակցության որոշումից, առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, բայց դա այնքան էլ այդպես չէ:

Օրերս Ղուկասյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով եւս փորձել էր համոզել նրան, որ պետք է ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը եւ չառաջադրվել: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել կոտրել Վարդան Ղուկասյանի կամքը, ով ասում է, թե՝ թողեք առաջադրվեմ, հաղթեմ, հետո եթե ուզում եք, կարող եմ եւ հրաժարական տալ: Այսպիսով, նա փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է գյումրեցիների սերն ու համակրանքը, եւ նրանք պատրաստ են իրեն հերթական անգամ ընտրել քաղաքապետ:

Այս շաբաթվա ընթացքում սպասվում է, որ Վարդան Ղուկասյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն առանց միջնորդների, անձամբ խորհուրդ կտա նրան չառաջադրվել: Մեր տեղեկություններով, Ղուկասյանն իր մերձավոր շրջապատին ասել է, որ եթե իրեն չհաջողվի համոզել Սերժ Սարգսյանին, ինքը նախագահի կամքին հակառակ չի գնա: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել Վարդան Ղուկասյանից, ապա կարելի է ասել, որ Գյումրիի ապագա քաղաքապետի հարցը կանխորոշված է:

Իսկ ինչո՞ւ որոշեցին փոխել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ մեղք է նա գործել, որ իշխանությունը չի ցանկանում նրան ներել: Ղուկասյանը 14 տարի ղեկավարում էր Գյումրին եւ այդ ընթացքում բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, որ իշխանությունը հրաժարվեր նրանից: Միայն նրա եղբոր եւ որդու մասնակցությամբ Գյումրիում եւ հարակից տարածքներում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն իշխանությունն ամեն անգամ աչք էր փակում դրանց վրա: Ինչո՞ւ. որովհետեւ Վարդան Ղուկասյանը մի բան կատարում էր անթերի. նա ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էր կենտրոնական իշխանության համար ցանկալի արդյունք, ինչը տեղի չունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Սա ցույց տվեց, որ Ղուկասյանն արդեն սպառել է իրեն, եւ նրան այլեւս անիմաստ է հանդուրժել: Իհարկե, Վարդան Ղուկասյանն ուներ այդ պարտությունների իր բացատրությունները, ուներ իր մեղսակիցները՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյան, բայց Գյումրիի պատասխանատուն, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն էր, եւ նա էլ պետք է պատասխան տար կատարվածի համար: Իշխանությունը կարող է ներել ցանկացած հանցանք, բայց ոչ իր վերարտադրությանը սպառնալիք ներկայացնողներին:

Հիմա՝ իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը եւ ոչ ուրիշը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանրապետության 2-րդ քաղաքը հանձնում մի կուսակցության, որը կարծես թե չի ենթարկվում իրեն եւ մերթընդմերթ ընդդիմադիր «զամաշկեք» է դրսեւորում: Նախ Սամվել Բալասանյանը լավագույն փոխզիջումն է Վարդան Ղուկասյանի եւ մեկ այլ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ, ով համարվում է ավելի արմատական ԲՀԿ-ական: Բալասանյանին դարձնելով քաղաքապետ՝ ազատվում է թիվ 35 ընտրատարածքը, որտեղից կարող է պատգամավոր ընտրվել Արման Սահակյանը, ով մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, եւ դրանով Վարդան Ղուկասյանի թույլ տված սխալն ուղղվում է: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ սրանով Սարգսյանը ցույց կտա, որ ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ վստահության վրա»: