Մի քանի օր է, ինչ դաշնակցական այրերը լծվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում մի քանի գյուղապետների «անցկացնելու» կարեւորագույն պրոցեսների մեջ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Արդեն երրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզային իշխանությունները բանակցություններ են վարում դաշնակցական պատասխանատուների հետ` կոմպրոմիսային դաշտում տերիտորիալ ճիշտ բաժանում կատարելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցը շատ հստակ է դրել` ասելով, որ մարզում 60-70 տոկոս հաղթելու են ՀՀԿ-ական համայնքի ղեկավարներն ու ՀՀԿ-ական նշանակության նոր թեկնածուները: Լավագույն դեպքում կարող են պահպանվել եւ մի երկուսով էլ ավելանալ ԲՀԿ-ի տեղերը, դե իսկ որոշ համայնքներում էլ ձեւի համար մի քանի դաշնակցական գյուղապետներ կլինեն, որպեսզի նրանք էլ մյուս համայնքներում իրենց ձայները զիջեն ՀՀԿ-ին: Ահա այսպիսին է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի պատկերացրած խաղի բանաձեւը, որի վերջը ով իմանա, թե ինչ անկանխատեսելի զարգացումներ կարող է խոստանալ: Մանավանդ որ մարզային իշխանությունները սովորականի նման սկսել են իրենց սեփական խաղի մեջ ներգրավել մարզի դպրոցի տնօրեններին, որոնք, ձեւավորված կարծիքի համաձայն, ընտրությունից ընտրություն պոտենցիալ ձայն ապահովողներ են»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:



























