Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի բանակի մարշալ է դարձել:
Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է Lenta.ru-ն, Կիմ Չեն Ընն ստացել է լիակատար վերահսկողության իրավունք բանակի եւ ընդհանրապես ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Կիմ Չեն Ընը, որը Հյուսիսային Կորեան գլխավորում է 2011 թվականի դեկտեմբերին իր հոր` Կիմ Չեն Իրի մահվանից հետո, նաեւ Կորեայի Բանվորական կուսակցության առաջին քարտուղարն է, ԿԺԴՀ-ի Պաշտպանության հանձնաժողովի առաջին նախագահը, Կորեայի ազգային բանակի գլխավոր հրամանատարը, կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԿԺԴՀ-ի բանակի հրամանատար Լի Յոն Հոն, որը հյուսիսկորեական հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մերձավորներից էր, երկրում իշխող կուսակցության որոշմամբ հուլիսի 16-ին հեռացվել էր պաշտոնից: Հոն հեռացվել է «բոլոր պաշտոններից»` առողջության պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն կասկածելի է, որ որոշման իրական պատճառը նրա առողջությունն է:



























