Ճապոնիայում` Հոնսյու կենտրոնական կղզու հարավարեւմտյան Ֆուկուի պրեֆեկտուրայում,  հուլիսի 18-ին աշխատանքը վերսկսել է  «Օխի» ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկը` դառնալով երկրում գործող միջուկային երկրորդ ռեակտորը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այն էներգիա կսկսի արտադրել շաբաթ օրը, իսկ ամբողջ հզորությամբ կգործի հուլիսի 25-ից:

Ամսվա սկզբին կրկին գործի էր դրվել առաջին ռեակտորը` միեւնույն «Օխի» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկը: Այդ գործընթացը բողոքի ալիք էր բարձրացրել ատոմային էներգիայի օգտագործմանը դեմ բնակչության շրջանում: «Օխի» ԱԷԿ-ի էներգաբլոկները վերաթողարկելու նախապատրաստություններն այնքան էլ հարթ չեն ընթացել. երկու ռեակտորներում էլ մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, որոնք թեեւ չեն ազդել ԱԷԿ-ի անվտանգության եւ աշխատունակության վրա, բայց Ճապոնիայում ԱԷԿ-ի հակառակորդների համար մտավախության լրացուցիչ առիթ են դարձել: Միայն այս շաբաթ  երկու անգամ միացել է «Օխի»-ի չորրորդ ռեակտորի վթարային ասդանշանը:

«Օխի» ԱԷԿ-ի երրորդ եւ չորրորդ էներգաբլոկները ամբողջ երկրում առայժմ միակ միջուկային ռեակտորներն են: Մնացած 49-ը կամ տեխզննում են անցնում, կամ նախորդ տարվա մարտին  Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո գործունեությունը վերսկսելու թույլտվության են սպասում: