ԱՄՆ-ում հուլիսի 18-ին 55-րդ անգամ նշում են հոթ-դոգի ազգային օրը: Տոնը հնարել են մսային կիսաֆաբրիկատներ արտադրողները` ի պատիվ մեծ տարածում գտած, հացաբուլկու մեջ դրվող համեմված նրբերշիկի:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», անվանման ճշգրիտ ծագումը` «տաք շուն» (անգլ. «hot dog»), անհայտ է մնում, բայց հայտնի է, որ ավանդույթը սկզբնավորել են գերմանացի ներգաղթյալները, եւ նախքան Երկրորդ աշխարհամարտը Նյու Յորքում հոթ-դոգն անվանվում էր ֆրանկֆուրտեր:

Ընդհանրապես, հոթ-դոգի տոնը ԱՄՆ-ում արդեն ոչ թե նախկինի նման մեկ օր է նշվում, այլ ամբողջ հուլիս ամսին` սկսած Անկախության օրվանից: Այն ուղեկցվում է նյույորքյան Քոնի Այլընդում հոթ-դոգեր ուտելու արագության մրցույթներով:

Հացաբուլկու մեջ նրբերշիկների արտադրությանը եւ սպառմանը աջակցում է Հոթ-դոգերի եւ երշիկների ազգային խորհուրդը, որն ստեղծվել է ԱՄՆ-ում 20 տարի առաջ: