Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, այսօր` հուլիսի 18-ին, միկրոավտոբուսի պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել, եւս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետայի» կայքը, պայթյունը տեղի է ունեցել, այսպես կոչված, Ցեղերի գոտում: Այն արմատական խմբավորումների գրոհայինների համար թաքստոց է, որոնք հանդես են գալիս Աֆղանստանում եւ Պակիստանում անկայունության օգտին եւ ակտիվացրել են իրենց գործողությունները Աֆղանստանից միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերման նախաշեմին:

Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ: Ոստիկանությունում հստակեցրել են, որ ավտոբուսում եղել են շիա մահմեդականներ, որոնք ուղեւորվում էին տեղի շուկաներից մեկը:

Նախնական վարկածով, պայթյունը կազմակերպել են արմատական սուննի խմբավորումներից մեկի անդամները: