Նիգերիայի Նավթի արտահոսքերը հայտնաբերող եւ վերացնող ազգային գործակալությունը  (NOSDRA) կոչ է արել նիդեռլանդա-բրիտանական նավթագազային «Royal Dutch Shell» ընկերությանը տուգանել  5 միլիարդ դոլարով` նախորդ տարի «Bonga» նավթահանքում նավթի արտահոսքի համար, որը երկրի ափերում վերջին տասնամյակների ամենամեծ արտահոսքն էր:

Ինչպես Reuters-ին հղում անելով տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», չնայած որ 2011թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած արտահոսքը չի ազդել Նիգերիայի ափերի վրա, այն բնապահպանական լուրջ սպառնալիք էր: Նավթը, կազմակերպության տվյալներով, թափվել էր շուրջ 950 քկմ մակերեսով տարածքում:

«Shell»-ը հայտարարել է, որ իշխանություններն իրեն 5 միլիարդ դոլարով տուգանելու իրավական հիմք չունեն:
Նշենք, որ արտահոսքի արդյունքում մոտ 40 հազար բարել նավթ է լցվել ջուրը: