«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ընկերությունը Երեւանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ընկերության մարկետինգային ծառայությունից:

Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչեւ 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը եւ հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող եւ հումք ծառայել բարձրորակ չամիչի եւ գինու արտադրության համար:

Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում եւ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: In vitro եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն եւ գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ «Տեռաս դե Արմենիա» ընկերությունը:

Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի: