Ժնեւում, հուլիսի 16-17-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցները:

ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի եւ ոստիկանության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը:

Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով, մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական եւ իրավական շրջանակները, ինչպես նաեւ երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների եւ առաջարկությունների ընդունումը:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնում իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաեւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի եւ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի նորանշանակ Գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ:

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում Ա. Հովակիմյանը, կարեւորելով տարածաշրջանում ԿԽՄԿ դերը, անդրադարձել է Կոմիտեի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խնդիրներին:

Ս. Ալկալայի հետ հանդիպման ընթացքում նշվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարեւորությունը, քննարկվել են կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր: