Ռուսաստանի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության Նովոսիբիրսկի կենտրոնում գտնվող շենքի հանրային ընդունարան հուլիսի 18-ին մտել է միջին տարիքի մի կին, չճշտված տեսակի վառելանյութ լցրել վրան եւ ինքնահրկիզվել:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ինքնահրկիզման հիմնական վարկածն ինքնասպանությունն է: Ներկա պահին 1955թ. ծնված կինը ծանր վիճակում գտնվում է այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում է նաեւ հանրային ընդունարանի աշխատակիցը:
ԱԻՆ-ի ներկայացուցիչ Դենիս Սարասկինը հաղորդել է, որ շենքից տարհանվել է 20 մարդ, հրդեհի օջախը գտնվել է շինության երկրորդ հարկում` «Եդինայա Ռոսիայի» հանրային ընդունարանում: Բռնկված հրդեհի արդյունքում այրվել է հաստատության շուրջ 70 քմ տարածք, լրջորեն վնասվել է ընդունարանի կահույքը:



























