Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիսկոյի մամուլի ասուլիսում ներկայացրել է Microsoft Office-ի հավելվածների փաթեթի նոր տարբերակը:
Ինչպես Reuters-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն, ծրագրերի նոր սերնդի առանձնահատկությունը կդառնա ինտեգրումը Microsoft SkyDrive «ամպային» ծառայությանը: Օգտագործողի ստեղծած բոլոր փաստաթղթերը, անձնական կարգավորումներն ավտոմատ կերպով կպահվեն «ամպերում», ինչը դրանք հասանելի կդարձնի համացանցին միացված ցանկացած սարքի համար:
Դրանից բացի, նոր Office-ը նախատեսում է սենսորային համակարգիչներում եւ պլանշետներում աշխատող հեշտացված ռեժիմ, ինչպես նաեւ սոցծառայությունների հետ սերտ կապ: Մասնավորապես, Office-ում ներդրված կլինի համացանացա-հեռախոսային Skype ծառայությունը, նաեւ ի հայտ կգա People Card գործառույթը, որը թույլ կտա Facebook-ից եւ LinkedIn-ից տվյալներ ընդգրկել օֆիսային հավելվածներում:
Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2012թ. հոկտեմբերին: Օպերացիոն նոր համակարգին զուգահեռ, Office-ի նոր տարբերակը համատեղելի կլինի նաեւ Windows 7-ի հետ:




























