Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունել է Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան եւ նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք է հայտնել, որ պատվիրակության անդամները, լինելով Ղարաբաղում, տեղում կհամոզվեն` արցախցիները, կերտելով անկախ պետություն, հիմնվում են ժողովրդավարական արժեքների վրա:
Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ով դիտորդ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի` մայիսին կայացած ընտրությունների ժամանակ եւ տպավորված է դրանց բարձր մակարդակով անցկացմամբ, իրենց ներկայիս այցը նախեւառաջ պայմանավորված է այն համոզմամբ, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` ԼՂ հակամարտությունը: Ըստ նրա` հակացուցված են արտաքին, առավել եւս ռազմական միջամտությունները: «Ժողովուրդն ինքը պետք է որոշի որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա»,-ասել է Ալեքսանդր Բալբերովը` համոզմունք հայտնելով, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կլինեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության եւս մեկ դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցող ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության որոշումը խիզախ եւ գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը: Այս երկրի այդպիսի կեցվածքը նա որակել է անհեռատես եւ սխալ, քանի որ, որպես դրա արդյունք, նորանոր մարդիկ են հետաքրքրվում ԼՂՀ ճակատագրով` ձգտելով տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին, արցախցիների կյանքին:
Ըստ Արտակ Զաքարյանի` ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությունները եւս մեկ ցուցանիշ են, որ Արցախն ընթանում է ժողովրդավարության ուղով: Նա կարեւորել է նաեւ համատեղ ջանքերով տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ինչին մեծապես կարող են նպաստել խորհրդարանականների պարբերական, նպատակային շփումները:
ՌԴ Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաեւ Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը, նշել է, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորաշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,-ընդգծել է նա: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, համատեղ ջանքերը հարկ է ուղղել նաեւ նրան, որ այս մոտեցումը փոխանցվի ու դառնա քաղաքացիական հասարակության համոզմունքը: Դենիս Դվորնիկովի խոսքով`պատմական աղավաղումների դեմ եւ ճշմարտության ու արդարության վերականգնմանն ուղղված պայքարում մեծ դերակատարում ունեն նաեւ քաղաքացիական կառույցները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է աշխուժացնել նման կառույցների համագործակցությունը:



























