Մանկապղծության դեմ պաքարողները պահանջում են փակել ռուսական ամենախոշոր «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը: Նրանք պնդում են, որ այն վերածվել է մանկական պոռնոգրաֆիայի աղբյուրի: Այս առաջարկությունը պաշտպանել է Ռուս ուղղափառ եկեղեցին:
Սոցիալական ցանցի հասանելիության սահմանափակման պահանջով հանդես է եկել «Գլուխների որսորդները» շարժումը, որը պայքարում է Ռուսաստանում մանկապիղծների դեմ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Շարժման առաջնորդ Սերգեյ Ժուկը «ՎԿոնտակտե» ցանցն անվանել է «պոռնոգրաֆիական տեսանյութերի հսկայական պահեստ, այդ թվում անչափահասների մասնակցությամբ»: Նրա խոսքով, սոցիալական ցանցում մանկական պոռնոգրաֆիայի առկայությունը չի հերքում նաեւ ցանցի հիմնադիր Պավել Դուրովը:
Շարժման ակտիվիստները հաշվել է, որ այդ սոցիալական ցանցում գրանցված է ավելի քան 7 մլն ռուսաստանցի դեռահաս:
Արժե ընդգծել, որ նույն պատճառաբանությամբ, Ռուսաստանի պետդուման հուլիսի 13-ին 2-րդ եւ 3-րդ ընթերցումներով ընդունել է օրենք կայքերի «սեւ ցուցակի» մասին, այդ թվում մանկական պոռնոգրաֆիայի քարոզման համար:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի դրությամբ, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի օգտատերերի թիվը անցնում էր 35 մլն-ից:




























