Վրաստանի Սաչխերիի շրջանի երեք բնակիչների դատապարտել են 15 օրվա կալանքի` երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրապարակայնորեն հայհոյելու համար, հաղորդում է «Վզգլյադը»` վկայակոչելով Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը:
Հաշվի առնելով, որ օրենքով չկա հոդված նախագահին հայհոյելու համար, նրանց դատապարտել են մանր խուլիգանության համար, որը պատժվում է 100 լարի (60 դոլար) տուգանքով կամ մինչեւ 90 օր կալանքով:
Թերթի աղբյուրներն ասել են, որ վերջերս նույն շրջանում 15 օրով կալանել էին եւս մեկ բնակչի, ով Սահակաշվիլիի կենացը գարեջրով էր խմել, ինչը Վրաստանում կենցաղային մակարդակում վիրավորական է համարվում: Նրան մեղադրել են ոստիկանությանը դիմադրելու մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ վերջերս նրա կողմից վարչապետ նշանակված Վանո Մերաբիշվիլին խայտառակել են երկիրը: Համացանցում է հայտնվել Սահակաշվիլի-Մերաբաշվիլի զրույցը, երբ վերջինս ուղիղ միացման էր պատրաստվում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով: «ՎԶԳԼՅԱԴ»-ը գրում է, որ կառավարության ղեկավարի հետ զրույցում Սահակաշվիլին անդրադարձել է Ստրասբուրգում Վրաստանի իրավիճակի մասին Եվրախորհրդարանի քննարկումներին: «Նրանց մաման լացացրին»,- մի քանի անգամ կրկնել է Սահակաշվիլին` նկատի ունենալով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էին քննարկումները:



























