Հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալված է: Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, Արտակ Գ.-ն Արտակ Գեւորգյանն է` Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, «Նովո» մականունով հայտնի Նահապետ Գեւորգյանի որդին:


























