Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կանայք բռնությունների են ենթարկվում: Նրանց նաեւ հեռացնում են քաղաքականությունից:
Հեղափոխությունից հետո ընտրված, ավա ցրված խորհրդարանում կանայք ավելի քիչ են եղել, քան Մուբարաքի ժամանակ, գրում է Փոլ Դանահարը` BBC-ից:
Կանանց հույսերը, թե հեղափոխությունից հետո իրենց կյանքը կփոխվի, փշրվեցին: Վերջին ամիսներին բազմաթիվ եգիպտացի կանայք դաժան բռնության զոհ են դարձել: Նրանք անվտանգության ուժերի կողմից ենթարկվել են ծեծի եւ ծաղրանքի: Ձերբակալելուց հետո նրանց ստիպել են կուսության նվաստացուցիչ թեստ անցնել:
Իսկ նույն Թահրիրի հրապարակում այժմ տղամարդկանց խումբը հարձակվում է կանանց վրա, նրանց ամբողջությամբ մերկացնում են, բռնաբարում, որից հետո պարզապես նետում են ջրանցքը:
Նախորդ շաբաթ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչուհի Հասիբա Հաջ Սահրաուին հայտարարել է. «Նախորդ տարվա ցույցերի ժամանակ Թահրիրի հրապարակը մի վայր էր, որտեղ կանայք կանգնած էին տղամարդկանց հետ ուս-ուսի` պահանջելով ազատություն: Հիմա այդ հրապարակը կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վայր է դարձել»:



























