Պասիվ կենսակերպը տարեկան սպանում է մոտ 5 մլն մարդու, գրում է բրիտանական բժշկական Lancet ամսագիրը:

15 տարեկանից բարձր 10 մարդուց 3-ը, մոտ 1,5 մլրդ մարդ, չի հետեւում ակտիվ կենսակերպ վարելու խորհուրդներին: Բացի այդ, հրապարակված հոդվածում բժիշկները պասիվ կենսակերպի խնդիրն անվանում են պանդեմիա (համավարակ): Նշվում է, որ առավել վատ է վիճակը 13-15 տարեկան դեռահասների մոտ:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ակտիվ կենսակերպը ենթադրում է կամ շաբաթական 5 անգամ խելամիտ ինտենսիվությամբ 30 րոպե վարժությունների կատարում, կամ շաբաթական 3 անգամ 20 րոպեով ինտենսիվ ֆիզիկական աշխատանք: Հնարավոր է նաեւ երկուսի համատեղում:

Տարիքի հետ մարդիկ սկսում են ավելի ու ավելի պասիվ կենսակերպ վարել, հատկապես կանայք եւ դա առավելապես վերաբերում է բարձր եկամուտներ ունեցող բնակչությամբ երկրներին, գրում է ամսագիրը:

Պարբերականը բերում է նաեւ այլ հետազոտության արդյունքներ, որը վերաբերում է ֆիզիկական ակտիվության մակարդակի եւ մի շարք հիվանդությունների (քաղցկեղ, դիաբետ, սրտային հիվանդություններ) փոխկապվածությանը: 6 տոկոսի դեպքում սրտի հիվանդությունների պատճառը եղել է ֆիզիկական ակտիվության պակասը:

Հետազոտության համաձայն, դիաբետով հիվանդների 2 տոկոսի եւ օնկոլոգիական հիվանդների 10 տոկոսի դեպքում հիվանդությունների պատճառը եղել է պասիվ կենսակերպը: