Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում վերջին երկու տարում դիմորդների թիվը 25 տոկոսով ավելացել է: Այս մասին, այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: «Ուսանողներին գնալով ավելի է գրավում մեր բուհում ուսանելը: Իմ կարծիքով, դա նրանից է, որ համալսարանը հավատարմագրման գործընթաց է անցնում Ֆրանսիայում, որտեղ Ֆրանսիայի կառավարության որոշմամբ ճանաչվում է մեր բուհի ճարտարապետի դիպլոմը»,-ասել է ռեկտորը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, ճարտարապետի եւ ինժեներ-շինարարի մասնագիտությունները դեռեւս բավարար հեղինակություն չեն վայելում հասարակության մեջ, ինչպես նաեւ աշխատանքի շուկայում: «Ուստի ոչ բոլորն են ձգտում գալ մեզ մոտ: Բացի այդ մեզ մոտ սովորելը հեշտ չէ եւ ճարտարապետի աշխատանքը բարձր չի գնահատվում»,-ասել է Թոքմաջյանը:
Նրա կարծիքով, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ճարտարապետի հեղինակությանն ու պահանջվածությանը, քանի որ այս մասնագիտությունը միշտ պետք է եղել Հայաստանին: «Մենք հիմա էլ մեր ներդրումն ենք ունենում երկրի զարգացմանը, մեր մասնագետներն են նախագծել Ստեփանակերտի օդանավակայանը, (որի կառուցումը փաստացի ավարտվել է եւ ընթանում են շենքի տեխնիկական հագեցման աշխատանքները-խմբ):
Մեր երիտասարդ մասնագետները բավարար ներուժ եւ աշխատելու ցանկություն ունեն եւ հույս ունենք, որ նրանց գիտելիքները կգնահատվեն»,-ամփոփել է ռեկտորը:



























