Դաշնության խորհուրդը հուլիսի 18-ին վավերացրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: ԱՀԿ-ն հիմնադրելու Մարաքեշյան համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունը ստորագրվել էր 2011թ. դեկտեմբերի 16-ին: Վավերացումը նախատեսում է, որ Ռուսաստանն իբրեւ ԱՀԿ անդամ-պետություն ստանձնում է Մարաքեշյան համաձայնագրով այդ կազմակերպության նշած պարտականությունները:
Դեպի շուկա մուտքի ազատականացման ժամկետը կազմում է 2-3 տարի, առավել զգայուն ապրանքներինը` 5-7: Զգայուն ոլորտների թվին, որոնցում կարող են որոշակի տնտեսական եւ ֆինանսական խնդիրներ ծագել ԱՀԿ-ին Ռուսաստանի միավորվելու նոր պայմանների հետ կապված, պատկանում են ավտոմոբիլային արտադրությունը, գյուղատնտեսությունը, գյուղմեքենաների արտադրությունը, թեթեւ արդյունաբերությունը:



























