ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա սիրիական հարցում: Ինչպես Քլինթոնը նշել է CNN հեռուստաալիքի եթերում, խոսքը գնում է ՄԱԿ ԱԽ-ում արեւմտյան երկրների կողմից Սիրիայի հարցով պատրաստված բանաձեւին Ռուսաստանի աջակցության անհրաժեշտության մասին, գրում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը նախատեսում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը, որը թույլ է տալիս «շատ կոշտ պատժամիջոցներ» կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, նաեւ նրա ռեժիմին աջակցող անձանց դեմ: Այդ բանաձեւի նախագծին աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը, բայց դեմ է արտահայտվում Ռուսաստանը, որը Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի: Դժգոհություն է հայտնել նաեւ Չինաստանը:
Սպասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն հուլիսի 18-ին քննարկի Սիրիայի հարցով երկու բանաձեւ` ռուսականը եւ բրիտանականը:
Բրիտանական բանաձեւում պատժամիջոցներ են նախատեսվում, սակայն Ռուսաստանը խոստացել է վետո դնել, իսկ ռուսական բանաձեւում պատժամիջոցներ չեն նախատեսվում:



























