Սիրիայի պետական հեռուստատեսությունն անընդհատ Ազգային բանակի հզորությունը ցուցադրող քայլերգեր  է հեռարձակում:  Դամասկոսում կատարված ահաբեկչությունից հետո, որի ընթացքում զոհվել էր Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջհան, եթերում հայտնվեցին հայրենասիրական բնույթի հոլովակներ, որոնցում կադրեր են առկա մի քանի օր առաջ Զինված ուժերի անցկացրած զորավարժանքներից:

Հեռուստատեսությունը պարբերաբար ուղիղ հեռարձակումներ է միացնում կառավարական «Աշ Շամի» հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են ահաբեկչության հետեւանքով տուժածները: Գեներալական կազմի, մտավեորականության ներկայացուցիչները զանգահարում եւ ուղիղ եթերում դատապարտում են հերթական հրեշավոր ահաբեկչությունը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկիչը ականապատ ավտոմեքենան կանգնեցրել է Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այն պահին, երբ այնտեղ կաբինետի անդամների խորհրդակցությունն էր ընթանում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Լավ հսկվող Ռաուդա շրջանում գտնվող շինությանը լուրջ վնաս է հասցվել: