Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները: Այդ մասին Թբիլիսիի ծայրամասային թաղամաս Գլդանիի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է rbc-ն:
Խոսքը, մասնավորապես, Վրաստանի բոլոր քաղաքացիների բժշկական ապահովագրության մասին է, զբաղվածության խնդրի լուծման, յուրաքանչյուր ընտանիքին հազար լարիի (625 դոլար) չափով բաժնետոմսերի բաշխման մասին: «Այդ պայմանագիրը կկնքենք ես եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլին», - ասել է վրացի ղեկավարը` խոստանալով, որ պայմանագրի բոլոր կետերը կկատարվեն:
Բացի դրանից, Վրաստանում տնտեսական աճն ընթացիկ տարում կկազմի 8%: Ըստ Սահակաշվիլիի` Վրաստանից ավելի զարգացած տնտեսական երկրներում այդ ցուցանիշը միայն 1% է կազմում:
Ավելի վաղ` 2012 թվականի հուլիսին, Վրաստանի կառավարությունը խոստացել էր մյուս տարվանից սկսել վրացական ընտանիքներին հազար լարիի (շուրջ 620 դոլար) բաժնետոմսերի բաժանումը, որը նախատեսված է չորս տարով: Այդ մասին Թբիլիսիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Մերաբիշվիլին: Նա բացատրել էր, որ դրանց շնորհիվ Վրաստանի բնակչությունը կարող է վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի կամ կենցաղային այլ ծառայությունների վարձերը, ձեռք բերել դեղորայք, դասագրքեր, վառելիք, գյուղտեխնիկա:



























