Ադրբեջանի քաղավիացիայի պատական վարչության հայտարարությունը հիմարություն է եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում միջազգային հանրության նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության այն հայտարարությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանից Երեւան չվերթներն անօրինական են եւ կդիտվեն որպես օդային սահմանի խախտում:
«Ստեփանակերտի օդանավակայանից ինքնաթիռները Հայաստան կթռչեն ԼՂՀ օդային տարածքով` առանց որեւէ երրորդ երկրի սահման խախտելու: Այդ հայտարարությամբ Ադրբեջանն ընդունում է ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, ինչը գովելի է: Եթե ադրբեջանական կողմը Ստեփանակերտի օդանավակայանը դիտարկում է որպես սեփական տարածք, ապա նման դիրքոշումը խանգարում է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին»,-ասաց նա:
Բացի այդ, Բաբայանի խոսքով, օդանավերը բացառապես ուղեւորափոխադրումներ են կատարելու: «Դրանք քաղաքացիական օդանավեր են, խոսք էլ չկա ռազմական օդանավերի թռիչքների մասին»:
Բաբայանի գնահատականներով, Ադրբեջանի նման վարքագիծը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անհավատրիմ գործընկեր կարող է լինել պաշտոնական Բաքուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի ժամանակ` հուլիսի 10 – 13-ը, Ադրբեջանը հավաստիացրեց, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի, վիճելի հարցերը կլուծվեն դիվանագիտական քայլերի միջոցով եւ որ նրանք ձեռնպահ կմնան տվյալ թեմայի քաղաքականացումից: Միաժամանակ, Բաբայանի խոսքով, Ադրբեջանը հին անվանդույթի համաձայն, խախտում է միջազգային հանրությանը տված խոստումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ է եւ ստորագրել է կոնվենցիա, ըստ որի չի սպառանա քաղավիացիայի օդանավերին, անգամ եթե նրանք առանց նախզգուշացնելու մտնեն իր օդային տարածք:
Սակայն օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության հայտարարությունը, ըստ որի նրանք, ովքեր առանց թույլտվության իր օդային տարածք կմտնեն, կհամարվեն օդային սահմանը խախտողներ:




























