Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի նախագահ Անատոլի Լիսենկոն նշանակվել է ռուսական Հանրային հեռուստատեսության նախագահ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անատոլի Լիսենկոյին նշանակել է «Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» շահույթ չհետապնդող կազմակերպության գլխավոր տնօրեն, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Սկզբում ՌՀՀ-ն կհեռարձակվի պետական միջոցների հաշվին, իսկ ավելի ուշ` մասնավոր նվիրատվությունների: Հեռուստատեսությամբ գովազդներ չեն լինի:

Հանրային հեռուստատեսության կառավարող մարմինը ձեւավորվում է Հանրային պալատի միջոցով` տարբեր քաղաքական ուժերի ներգրավմամբ: Խորհրդի կազմը կհաստատի երկրի նախագահը, հաղորդում է mk.ru-ն:

«Հանրային հեռուստատեսության աշխատանքներն սկսելու իրական ժամկետը 2013-ի մայիսն է»,-լրագրողներին ասել է նոր ալիքի ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրային TV-ի համար հարթակ կարող է դառնալ «Զվեզդա» հեռուստաալիքը: