Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը, ըստ որի հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը:
«Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետեւանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը եւս ձախողվել է»,-հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել եւ թիրախավորվել է:
«Ըստ երեւույթի, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, եւ փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարեւան երկրի ռազմական գերատեսչությունը»,-ասել է նա:




























