Ոստիկանության անձնագրային բաժիններում վերջին օրերի հերթերն ու անձնագրերի տրամադրման ուշացումը կապված է մեծ պահանջարկի հետ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը միտումնավոր է մերժում կամ հետաձգում քաղաքացիներին, այդ թվում եւ երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը:

«Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Անձնագրերի պահանջարկը մեծ էր, ուստի որոշակի խնդիրներ եղան: Հավաստիացնում ենք, ամեն ինչ կարվի, որ քաղաքացիներին անհանգստություն չպատճառվի եւ սեղմ ժամկետներում անձնագրեր տրամադրվեն»,- նշեց Ահարոնյանը:

Նշենք, որ մամուլում գրվել էր, թե այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում եւ երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Մասնավորապես «Ժողովուրդը» գրել էր, թե հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել: «Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար: Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում»,- գրել էր թերթը: