Սիրիայի պետական հեռուստատեսությունը` վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությունը, հերքել է արեւմտյան եւ մի շարք արաբական լրատվամիջոցների տեղեկատվությունը երկրի ՆԳՆ ղեկավար Մուհամեդ աշ-Շաարի զոհվելու մասին: Ըստ վերջիններիս, նախարարը զոհվել էր Դամասկոսի կենտրոնում գտնվող Պետական անվտանգության ծառայության շենքում տեղի ունեցած պայթյունից:

Դրա հետ մեկտեղ, Սիրիայի պաշտպանության նոր նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը հեռուստաելույթում ընդգծել է, որ այդ պայթյունը չի ահաբեկի իշխանություններին: «Պայթունը մեզ չի ստիպի հրաժարվել ահաբեկիչերի դեմ պայքարից եւ հայրենիքի պաշտպանությունից», - ասել է նա:

Իր հերթին, ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով հետաձգել սիրիական իշխանությունների դեմ պատժամիջոցների հարցով քվեարկութունը, հաղոդում է «Ռոյթերզ»-ը: Անվտանգության խորհրդի նիստը պիտի սկսվի այսօր` Երեւանի ժամանակով 23:00-ին:

Այսօր Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը տարածել է երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարության հաղորդագրությունը: Այնտեղ նշվում է, որ հուլիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության շենքում` խորհրդակցության ժամանակ, տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է զինված ուժերի հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Աբդալլա Ռաջան, նրա տեղակալ, գեներալ Ասեֆ Շաուքաթը եւ փոխնախագահի օգնական Հասան Թուրքմանին: Վիրավորվել են խորհրդակցության մի քանի մասնակիցներ:

«Հայտարարելով հերոսների զոհվելու մասին, հրամանատարությունը հաստատում է, որ զինված ուժերը հետագայում էլ կշարունակեն ոչնչացնել զինված ահաբեկչական խմբավորումները, հետապնդելով դրանց ամենուր` Հայրենիքը դրանց հանցավոր գործունեությունից ազատելու համար:

Այս երկյուղած ահաբեկական ակտը ծնում է ոչ այլ ինչ, քան էլ ավելի նպատակադրված միտում` մաքրազերծել Սիրիան հանցավոր խմբավորումների մնացորդներից, պաշտպանել նրա արժանապատվությունը, ինքնիշխանությունն ու ազգային որոշումների անկախությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: