Սպորտային հագուստի եւ կոշիկի համաշխարհային արտադրող Adidas ընկերությունը փակում է իր վերջին ֆաբրիկան Չինաստանում: Սուչժոու քաղաքում գտնվող ֆաբրիկայում 160 մարդ էր աշխատում:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Wall Street Journal-ը, Կոնցեռնի ղեկավարությունը որոշել է բարձրացնել արտադրության արդյունավետությունը: Այժմ Adidas-ի արտադրանքը երկրում կպատրաստեն ընկերության գործընկերները` ֆրանչայզինգային պայմանագրերի հիման վրա:
«Ֆաբրիկաների փակումը Չինաստանում բիզնեսի վերակազմավորման մի մասն է` առավել արդյունավետության հասնելու համար»,-հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը, հավելելով, որ Adidas սեփական ֆաբրիկաները չի բացելու:
Սպորտային ընկերությունները, ինչպիսիք են Adidas-ն ու Nike-ը, սպորտային հագուստի առաջին արտադրողներն են եղել, որոնք չինացի սպառողին են ներկայացրել իրենց արտադրանքը: Բայց հիմա չինական շուկայում վաճառքի նրանց ցուցանիշներն անկում են ապրում: Հունիսին Nike Inc. ընկերությունը հայտարարել է, որ երրորդ եռամսյակում վաճառքը կրճատվել է 3,9 տոկոսով:



























