Բուլղարիայի ՆԳՆ-ն, այսօր` հուլիսի 18-ին, Բուրգասի միջազգային օդանավակայանի մոտ, իսրայելցիներով լի ավտոբուսի պայթյունը ահաբեկչություն է համարել:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին այդ պայթյունին առնչություն ունենալու մեջ եւ խոստացել այդ դիվերսիան անպատասխան չթողնել: «Խոսքն իրանական ահաբեկչության մասին է:

Իրանցիները վերջին ժամանակներս փորձում են մի շարք երկրներում ահաբեկչություններ իրականացնել իսրայելական օբյեկտների դեմ: Իսրայելը արձագանքում է ահաբեկչությանը»,-ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ այս ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Novinite.com ինտերնետ պարբերականը: Տուժածների թիվը 29 է, որոնցից 18-ն իսրայելցի տուրիստներ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, տեղի օդանավակայանից ոչ հեռու, հուլիսի 18-ին, պայթել է իսրայելցի տուրիստներով լի ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով բուլղարական «ԲԳՆԵՍ» գործակալությունը, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը: «Ժամանելով Բուրգասի օդանավակայան, Իսրայելի քաղաքացի զբոսաշրջիկները ավտոբուս են նստել: Մի քանի րոպե անց պայթյուն է որոտացել: Մենք այս պահին չենք կարող ասել, թե քանի մարդ է տուժել: Տեղում աշխատում են Բուլղարիայում մեր դիվանագիտական առաքելության աշխատակիցները»,-հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իլանա Շթեյնը:
Իր հերթին, AFP-ն հայտնել է, որ պայթյունի ժամանակ ավելի քան 20 մարդ վիրավորվել է: