«Հրապարակը» գրում է. «Երեկ ոստիկանությունը ոչինչ չասող մի լուր տարածեց այն մասին, որ ոմն Արտակ Գ., դուրս գալով իր կողմից վարվող «ԳԱԶ 24» ավտոմեքենայից, զենքի սպառնալիքի տակ խլել է Վիրաբ Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մեքենան, նրան է թողել իր «ԳԱԶ 24»-ը եւ, նստելով վերջինիս ավտոմեքենան, հեռացել է:

Ստացվում է, որ Արտակ Գ.-ի նպատակը եղել է մեքենաների փոխանակությունը, ինչն էլ նա արել է զենքի սպառնալիքի տակ: Ոստիկանությունն էլ ստացված հաղորդման հետքերով գնացել եւ ձերբակալել է Արտակ Գ.-ին:

Իրականում ոստիկանությունը թաքցնում է Արմավիրում տեղի ունեցած դեպքի այլ մանրամասները: Մասնավորապես այն, որ հիշյալ «Գազ 24»-ն Արտակ Գ.-ն, այսինքն՝ Գեւորգյանը, խլել է Վիրաբի եղբորից, ում մեղքն էլ եղել է այն, որ չի ցանկացել գազալցակայանում իր հերթը զիջել Արտակ Գեւորգյանին, ով եղել է իր «Մերսեդես G500» մեքենայով: Արտակ Գեւորգյանը չի ցանկացել ներել նման «լպիրշությունը» եւ խլել է «ԳԱԶ 24»-ը: Մեքենայի վարորդը զանգահարել է եղբորը, պատմել տեղի ունեցածի մասին: Եղբայրն էլ որոշել է խոսել Արտակի հետ, բայց՝ ապարդյուն: Արտակ Գեւորգյանը ցույց է տվել, որ կարող է խլել յուրաքանչյուրի մեքենան, ով իր դեմ դուրս կգա, քանի որ իր մոտ ատրճանակ կա:

Արտակ Գեւորգյանն ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին է, եւ հենց դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ ոստիկանական հաղորդման մեջ նշված չեն գործի կարեւոր մանրամասները: Առավել տարօրինակ է այն, որ Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է, եւ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով: Մեր խորին համոզմամբ, Արտակ Գեւորգյանի ձերբակալությունը մեծագույն անարդարության արդյունք է, եւ կատարվածի մեջ նա ունի նվազագույն մեղքի բաժին, իսկ հիմնական մեղավորներին պետք է փնտրել այլ տեղերում, այդ թվում եւ ոստիկանությունում: Եվ ահա թե ինչու:

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին տեղեկություններ տարածվեցին, թե անհայտ անձինք կրակել են Ջանֆիդա գյուղի բնակիչ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Ավտոմատային կրակահերթերն արձակվել էին «Մերսեդես G500» ավտոմեքենայից, որը եղել էր առանց պետհամարանիշների: Բոլորի մոտ կասկած առաջացավ, որ դա կարող էր լինել Արտակ Գեւորգյանը, քանի որ Նահապետ Գեւորգյանի եւ Ռուստամ Գասպարյանի հարաբերությունները լարված էին: Բայց ոստիկանությունն այդպես էլ չբացահայտեց կրակահերթերի հեղինակներին. Ռուստամ Գասպարյանին պետք էր վախեցնել, եւ կատարվածը տեղավորվում էր տվյալ պահի քաղաքական կոնյուկտուրայի մեջ:

Արդեն այս տարվա ապրիլ ամսին Արտակ Գեւորգյանն իր ընկերների հետ Արմավիրի իր բնակարանից առեւանգեց եւ Սարդարապատ գյուղի գերեզմանատան տարածքում ծեծի ենթարկեց ԱԺ պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանին: Մխոյանը ոչ միայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այլեւ ոստիկանությունում դիմում գրեց, որ ընկել է ծառից եւ վնասվածքներն էլ ստացել է նման բարձրությունից ընկնելու հետեւանքով: Ոստիկանությունում էլ մեծ հաճույքով կարճեցին քրեական գործը, քանի որ այդպիսին էին տվյալ պահի քաղաքական պահանջները. Մերուժան Մխոյանը խանգարում էր քաղաքական պայմանավորվածության կայացմանը, ըստ որի՝ պատգամավոր պետք է ընտրվեր Ալեքսան Պետրոսյանը:

Ահա նման պայմաններում Արտակ Գեւորգյանի մոտ համոզմունք ձեւավորվեց, որ ինքը կարող է կրակել փողոցում, մարդ առեւանգել եւ ծեծի ենթարկել, եւ դրա համար իրեն որեւէ պատասխանատվության չեն ենթարկի, ինքը, այսպես ասած, օժտված է բացարձակ անձեռնմխելիությամբ: Այս ամենի հետ համեմատած՝ երեկվա նրա արածն ուղղակի մանկական չարաճճիություն է հիշեցնում: Բայց ոստիկանությունը հանկարծ որոշեց վերցնել ու քրեական գործ հարուցել մանկական չարաճճիության համար, այն էլ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Եվ պատճառն այն է, որ Արտակ Գեւորգյանի երեկվա կատարած արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական կոնյուկտուրայի մեջ. Վիրաբ Ա.-ն եւ նրա եղբայրը չեն խանգարում իշխանական որեւէ քաղաքական պրոյեկտի իրականացմանը:

Բայց համաձայնեք, որ դրա մեղավորն ամենեւին էլ Արտակ Գեւորգյանը չէ: Նա քաղաքական գործիչ կամ վերլուծաբան չէ, եւ այդ պատճառով անարդարացի է նրանից պահանջել կատարել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք տեղավորվում են տվյալ ժամանակաշրջանի քաղաքական կոնյուկտուրայի շրջանակներում: Մարդը տեսավ, որ ինքն անպատժելի է եւ, ընդհակառակը՝ պատժի են արժանանում իր զոհերը, ենթագիտակցորեն եւ գիտակցորեն հասկացավ, որ իրեն կարելի է ամեն ինչ»: