Պտտվող լուրերի համաձայն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի` Գիզիրի հետ ու նրան նախապես իրազեկել իր առաջիկա մտադրությունների մասին: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Վերջինս որպես այդ մարզի օրենսդիր ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում ինքն ընդհանրապես չի խառնվելու Գյումրիի գործերին, այսինքն` ՏԻՄ ընտրություններին, եւ որ մի բան էլ ձեռքից եկածն անելու է Գյումրիում առաջադրված այլ թեկնածուներին սատարելու համար: ԱԺ պատգամավորը Շիրակի մարզպետի մոտ դժգոհություն է հայտնել նաեւ հավանական թեկնածուների մասով` նկատելով, որ առայժմ իր համար արժանի թեկնածուի անուն չի ուրվագծվում:
Նշենք, որ երեկ ուշ ժամի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հանդիպել է ՀՀԿ պատասխանատուներից մեկի հետ ու իր ոճին հարիր ձեւով հայտարարել, որ քաղաքապետին ընտրում է ժողովուրդը, այլ ոչ թե քաղաքական ուժը:
Բա մի ժամանակ էլ Վարդան Ղուկասյանն ասում էր, որ քաղաքական հարցերում վերջին խոսքը իր թիմինն է, այսինքն` ՀՀԿ-ինը: Տեսնես այդ ի՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:



























