Բրիտանական ռազմափոխադրող նավից, որը խորտակվել էր 1941 թվականին Իռլանդիայի Գոլուեյ քաղաքից 300 ծովային մղոն հեռավորության վրա, հանվել է 48 տոննա արծաթ:

Ինչպես Journal.ie-ին վկայակոչելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», 1941 թվականի փետրվարին SS Gairsoppa արծաթ փոխադրող նավն անձնակազմի 85 անդամներով ռմբակոծվել է  գերմանական սուզանավի կողմից: Փրկվել հաջողվել է միայն նավապետի երկրորդ օգնական Ռիչարդ Այերսին: Այդ ժամանակից խորտակված նավն ընկած է Ատլանտիկայի հատակում ավելի քան 4,5 կմ խորությունում:

Շատ տարիներ անց բրիտանական կառավարությունն ամերիկյան Odyssey Marine Exploration ընկերության հետ համաձայնագիր էր կնքել արծաթը հանելու մասին: Հինգշաբթի օրը նրա ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ 48 տոննա արծաթ է տեղափոխվել ափ եւ տեղակայվել Լոնդոնի ապահով պահեստում: 

Նավից հանել էին 1 հազար 203 արծաթե ձուլակտոր, սակայն Odyssey Marine Exploration աշխատակիցները վստահեցնում են, որ դա եղած արծաթի միայն 20%-ն է: Ըստ պայմանագրի` ընկերությանն է անցնում հայտնաբերված գանձի 80%-ը: