Բուլղարական Բուրգաս քաղաքում Իսրայելից  զբոսաշրջիկներով  հուլիսի 18-ին պայթած ավտոբուսում պայթուցիկը տեղակայվել էր նախապես: Հնարավոր է` այն եղել է բեռնախցիկում: Այդ մասին, ինչպես բուլղարական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է «Էխո Մոսկվին», հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը: 

Ըստ աղբյուրի` այժմ ոստիկանությունը երկու տարբերակ է դիտարկում: Առաջին`ռումբը թաքցված է եղել ճամպրուկներից մեկում եւ  պայթել է բեռնախցիկ դնելու պահին: Երկրորդ` ահաբեկիչներն այն տեղադրել են ավտոբուսում նախապես, մինչեւ զբոսաշրջիկների գալը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բուլղարական Բուրգաս քաղաքում տեղական օդանավակայանից ոչ հեռու հուլիսի 18-ին պայթել էր իսրայելական զբոսաշրջիկներով ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել էր 7 մարդ, վիրավորվել` 29-ը: 

Բուրգասը երկրում բնակչության թվով չորրորդ քաղաքն է, այն շատ կարեւոր մշակութային եւ տնտեսական կենտրոն է բուլղարական Մերձսեւծովյան շրջանում: