Ճապոնիայում անբնական բարձր ջերմաստիճանի հետեւանքով երկրի ամբողջ տարածքում 5 մարդ է մահացել, եւս 2483-ը տեղափոխվել են հիվանդանոց` արեւահարության ախտանիշով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հիմնականում տապի զոհ են դառնում բաց օդում աշխատող մարդիկ` դաշտում կամ շինարարությունում: Հիվանդանոց տեղափոխվողների շարքում կան շատ երեխաներ, որոնց դպրոցական արձակուրդները դեռեւս չեն սկսվել, իսկ մարզական մրցումներն անցկացվում են փողոցներում:
Բացառությամբ երկրի հյուսիսային Հոկայդո կղզու` ամբողջ երկրում 35 աստիճանից բարձր ջերմաստիճան է: Չորեքշաբթի օրը 38 աստիճան էր Սիմանե եւ Ֆուկուի նահանգներում, 37` Գիֆուում, 35` Նագոեում:
Թոթորի նահանգում երկաթուղու աշխատակիցները հայտնաբերել են տապի պատճառով ծռված երկաթգծեր, ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթեւեկությունը:


























