Հնդկաստանում  ընտրողների կոլեգիան, որը բաղկացած է դաշնային խորհրդարանի եւ նահանգների օրենսդրական ժողովների պատգամավորներից, հուլիսի 19-ին երկրի նոր նախագահ է ընտրելու:

Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը, նախագահի պաշտոնի ֆավորիտներն են  համարվում իշխող Հնդկական ազգային կոնգրես կուսակցության թեկնածու, ֆինանսների նախկին նախարար Փրանաբ Մուխերջին եւ խորհրդարանի նախկին խոսնակ Փուրնո Սանգման:

Հնդկաստանում պետության ղեկավարը հիմնականում արարողակարգային գործառույթներ է իրականացնում:

Սակայն նոր նախագահը կարող է որոշիչ դեր կատարել ապագա խորհրդարանը ձեւավորելիս, եթե 2014թ. խորհրդարանական ընտրություններում ակնհայտ հաղթող չլինի:

Պետության ղեկավարի թեկնածուն պետք է լինի Հնդկաստանի քաղաքացի, առնվազն 35 տարեկան: Ընտրվելու իրավունք չունի կենտրոնական կամ շրջանային կառավարությունում կամ դրանց ենթակայությամբ գտնվող ցանկացած գերատեսչությունում վարձատրվող պաշտոն զբաղեցնող անձը: Եթե պետության ղեկավար դարձել է խորհրդարանի պալատներից մեկի կամ տեղական օրենսդրական ժողովի անդամը, ապա նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նա դուրս է գալիս օրենսդիր մարմնի կազմից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ հուլիսի 19-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենում նաեւ Լեռնային Ղարաբաղում: