Իրանի քաղաքական ընդդիմության կողմնակից ցուցարարները դեկտեմբերի 26-ին Թեհրանի հարավում գտնվող Փոլ ու Չոուբի թաղամասում բողոքի երթի ժամանակ բախվել են երկրի անվտանգության ուժերի հետ: Այս մասին հաղորդում է իրանական ընդդիմադիր համարվող Jaras կայքը:

Ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել տարբեր վայրերում: Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի մանրամասները դեռ չի հաջողվում ճշտել անկախ աղբյուրներից, քանի որ Իրանում միջազգային մամուլին արգելված է ուղիղ ռեպորտաժներ տալ բողոքի գործողությունների վայրից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին սկսված ընդդիմության բողոքի գործողությունները վերաճել էին անկարգությունների: Նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները բողոքի գործողություն էին կազմակերպել եւ փորձել էին այրվող շշեր ու քարեր նետել գործող նախագահ Ահմադինեջադի կողմնակիցների ուղղությամբ, որոնք մասնակցում էին «Ուսանողի օրվան» նվիրված հանրահավաքին: Արդյունքում ծեծկռտուք էր սկսվել երկու ճամբարների միջեւ: Ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 200 հոգու:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ անցած չորեքշաբթի եւս բախում է եղել ոստիկանների հետ, այս անգամ Սպահան քաղաքի Սեյեդ մզկիթի մոտ, որտեղ տեղի էր ունենում հոգեւոր առաջնորդ այաթոլլա Հոսեյն Ալի Մենթազերիի հիշատակին նվիրված միջոցառում: Ընդդիմադիր ինտերնետային աղբյուրների փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ նաեւ 4 թղթակիցներ: