Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տեղեկացրել է Մոսկվա կատարած իր այցի արդյունքների մասին: Այդ մասին հաղորդել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երեկ ցերեկն Անանը ԱՄՆ-ի պետքարտուղարին պատմել է Մոսկվայում ունեցած իր հանդիպումներից ստացած որոշ տպավորություններ», - հստակեցրել է Վենթրելը: Նա հրաժարվել է խոսել զրույցի մանրամասներից. «Չեմ ցանկանում մասնավոր զրույցի մանրամասներ հայտնել, բայց նա հստակ հասկացրել է, որ ցանկանում է, որպեսզի Սիրիան իր նախագծին չհետեւելու դեպքում բախվի հետեւանքների հետ: Նա այդ մասին արդեն վաղուց ասում է եւ հրապարակայնորեն, եւ մասնավոր զրույցների ընթացքում», - նշել է Վենթրելը:
Մոսկվայում Անանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպումներին նախորդել էր Անանի զրույցը Քլինթոնի հետ: Լավրովը լրագրողներին հայտնել է, որ Անանը օգտակար է անվանել Սիրիայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու Ռուսաստանի առաջարկը եւ խոստացել այդ հնարավորությունները քննարկել այլ մասնակիցների հետ: Միաժամանակ ռուսական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ չգիտի, թե արեւմտյան գործընկերները որքանով են պատրաստ դրան:
Անանն ինքը Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հույս ունի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կհաջողվի Սիրիայի վերաբերյալ բոլորի համար ընդունելի բանաձեւ մշակել: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱԽ-ի անդամները բռնության անընդունելիության հստակ ազդանշան կտան: ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակը նաեւ լրագրողներին հայտնել է, որ ռուս առաջնորդի հետ հանդիպումը շատ լավ է ընթացել:
Միաժամանակ, ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը եւ կողմ է այդ երկրի իշխանությունների վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշում գործադրելուն: Այդ են վկայում Գլոբալ հարցերով Չիկագոյի խորհրդի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Հարցումն ԱՄՆ-ում անցկացվել է ս/թ. մայիսի 25-ից մինչեւ հունիսի 8-ը, մասնակցել են 1,8 հազար ամերիկացիներ: Արդյունքները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում: Հարցման արդյունքների համաձայն` Սիրիա ամերիկյան զորքեր ուղարկելուն կողմ են հարցվածների սոսկ 14%-ը, 81%-ը` դեմ: Սիրիական ՀՀՊ-ի օբյեկտներին օդային հարված հասցնելուն կողմ են ամերիկացիների 22%-ը, իսկ սիրիական ընդդիմությանը զենք-զինամթերք մատակարարելուն` շուրջ 27%-ը:
Իր հերթին, Մակ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դատապարտել է Դամասկոսի ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել են Սիրիայի գերագույն հրամանատարության ներկայացուցիչներ: Նա կարծում է, որ ԱԽ-ն պետք է «հավաքական եւ արդյունավետ գործողություններ» ձեռնարկի Սիրիայում բռնության դադարեցման ուղղությամբ, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի Կանոնակարգը:
Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության տարածած պաշտոնական հաղորդագրությունում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























