Առաջիկա մի քանի շաբաթներին Մեծ Բրիտանիան «վեցնյակի» երկրների շրջանակում նախատեսում է քննարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ ենթադրող բանաձեւի մեջ տեղ գտնելիք դրույթները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայըլ Գրանտը:

«Սկզբում քննարկում կլինի „վեցնյակի“ շրջանակներում, նախքան մենք ինչ-որ բան կառաջրկենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Նյու Յորքում: Սակայն կարծում եմ, հնարավոր է, որ փետրվարի վերջին, ինչպես ես ենթադրում եմ, պատժամիջոցներ կլինեն»,- հայտարարել է Գրանտը:

Միաժամանակ, նա ընդգծել է. «Մենք բաց ենք թողնում դուռը հետագա երկխոսության համար: Այն մեծահոգի առաջարկները, որոնք „վեցնյակն“ արել է Իրանին` նրա միջուկային ծրագրի հետ կապված, մնում են սեղանին: Իրանի համար դեռ ուշ չէ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի եւ ընդհանրապես՝ միջազգային հանրության հետ եւ խուսափել պատժամիջոցներից»: