Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերին, ովքեր ներխուժել էին կառավարության շենք` պահանջելով հանդիպել վարչապետի հետ, լսել են միայն ոստիկանները:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կառավարության անդամներից ոչ ոք, ինչպես նաեւ կառավարության շախատակազմից որեւէ մեկը դուրս չի եկել կանանց մոտ:

Թեեւ հայտարարությանը, որ իրենք շենքը կլքեն միայն վարչապետի հետ հանդիպելուց հետո, կանայք դուրս են եկել շենքից, երբ վատացել է զինվոր Տիգրան Օհանջանյանի մոր` Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բանակում, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր գրեթե ամեն հինգշաբթի ցույց են կազմակերպում կառավարության շենքի դիմաց, այսօր` հուլիսի 19-ին, ցույցի ժամանակ ներխուժել են կառավարության շենք, որտեղ ընթանում է կառավարության նիստը: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Կանայք պահանջում են հետաքննել իրենց որդիների սպանության հանգամանքները եւ արհամարհում են շենքից դուրս գալու ոստիկանների հորդորները, հայտարարելով, որ կհեռանան միայն վարչապետի հետ հանդիպումից հետո:

Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մոր խոսքով, իրավապահ մարմիններից 5 տարի է պահանջվել, որպեսզի ապացուցեն, որ իր որդին չի մահացել էլեկտրահարությունից, իսկ հիմա երեւի եւս 5 տարի կպահանջվի, որպեսզի պարզեն, թե ով է մարդասպանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի