Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ԼՂՀ 8 ընտրատարածքների  273 ընտրատեղամասերում, ժամը 12:00-ի դրությամբ, քվեարկել է 25 908 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 26,19 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:

Այսպիսով, Ստեփանակերտում քվեարկել է 8070 (22,03 տոկոս) ընտրող` 36 631-ից, Ասկերանում` 3953 (33,95 տոկոս) ընտրող` 11642-ից, Հադրութում` 2834 (32,76 տոկոս) ընտրող` 8650-ից, Մարտակերտում` 4027 (30,48 տոկոս) ընտրող` 13 214-ից, Մարտունիում` 3906 (22,73 տոկոս) ընտրող` 17 187-ից, Շահումյանում` 670 (37,47 տոկոս) ընտրող` 1788-ից, Շուշիում` 1043 (28,87 տոկոս) ընտրող` 3613-ից եւ Քաշաթաղում` 1306 (21,52 տոկոս) ընտրող` 6070-ից:

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել են ժամանակավորապես Հայաստանում գտնվող 99 ընտրող` 114-ից, որը կազմում է 86,84 տոկոս:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն: