Ոստիկանությունը խուզարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու բնակարանը, որտեղից զենք է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Արտակ Գ.-ն ձերբակալված է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին,  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գ.-ին պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:

Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:

Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մանրամասների մասին կարող եք ընթերցել ԱՅՍՏԵՂ: